Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում արդէն 8 տարի կատարւող հնագիտական պեղումները 2 օրից կաւարտւեն: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութեան կողմից ֆինանսաւորւող ծրագիրն իրականացւել է երկու փուլով:
Առաջին փուլը տեւել է 2008-2012թթ., երկրորդը` 2012-2016: Թանգարանի տնօրէն Գագիկ Գիւրջեանի խօսքով, հայ-ֆրանսիական արշաւախմբի համագործակցութեան արդիւնքում հնագէտներն հանդէս են եկել գիտական նոր բացայայտումներով: Նա նաեւ կարեւորում է ֆրանսիական հնագիտական կառոյցների հետ համագործակցութիւնը:
Հայ-ֆրանսիական արշաւախմբի հայկական կողմի ղեկավար Միքայէլ Բադալեանն ասաց, որ պեղումների ընթացքում առանձնակի ուշադրութեամբ հետազօտւել է յետուրարտական ժամանակաշրջանը: Աշխատանքները կենտրենացւած են եղել Խալդի աստծոյ տաճարում եւ դրան յարակից հատւածներում: Մինչ այս` համարւում էր, որ դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում այստեղ յայտնաբերւած սիւնազարդ դահլիճը եղել է Խալդի տաճարի բաղկացուցիչ մասը, սակայն հետազօտութիւններն ապացուցում են, որ այն կառուցւել է յետուրարտական ժամանակաշրջանում:
8-ամեայ պեղումների գլխաւոր բացայայտումը Խալդի աստծոյ տաճարի արեւմտեան մասում գտնւող խճայատակով փողոցն է, որն, ըստ հնագէտների, Երեւանի ամենահին փողոցն է: Փողոցն ունի ամբողջութեամբ 30 մետր երկարութիւն եւ շուրջ 2700 տարւայ վաղեմութիւն: Հայ-ֆրանսիական արշաւախմբի ֆրանսիական կողմի եւ Փարիզի հնագիտական ծառայութեան ղեկավար Ստեֆան Դեշամպն ասաց, որ պեղումների ժամանակ յայտնաբերւել են նաեւ Մ.Թ.Ա. 7-րդ դարի առաջին կէսին տեղի ունեցած երկրաշարժի հետքեր: Հնագէտներն առաջ են քաշում երկրաշարժից յետոյ Թէյշեբանի քաղաքի կառուցման վարկածը:
Հնագիտական ուսումնասիրութեան դեռ շատ նիւթ կայ արգելոցում, եւ մասնագէտները յոյս յայտնեցին, որ ծրագիրը շարունակելու հնարաւորութիւն կունենան 2017 թուականին: